суббота, 2 мая 2020 г.

Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության». Գնդապետ Գրիշա Սարգսյանի կոչը` Վարչապետին02.05.2020

Վերջին օրերին հայ ազգը ականատես դարձավ մի զարհուրելի իրականության: Արտակարգ իրադրության պայմաններում Գավառում ոչ միայն կրակոցներ հնչեցին և եղան զոհեր , այլ ոստիկանության աչքի առաջ վենդետայի զոհ դարձան երկու տղամարդիկ: Կտրված կոկորդների մասին այս իրականությունը սարսափ ֆիլմ չէ, այլ իրավական առումով ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունք:

«Ցավում և դատապարտում եմ Գավառում կատարված սարսափելի դեպքի մեղավորներին և ցավում ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ պահվածքի պատճառով մարդկային կորուստներ տալու ցավալի փաստի առիթով: Բազմիցս հայտարարել եմ, որ հեղափոխությունից հետո պետք է Հայաստանում տեղի ունենար ոստիկանական համակարգի արմատական փոփոխություն, քանի որ ոստիկանը պետք է լինի գրագետ, բանիմաց: Ոստիկանությունը ցավոք չի իրականացրել իր գործառույթը: ԶԼՄ-ները տարածում են տեղեկատվություն, ըստ որի դեպքի վայրում է գտնվել Ոստիկանապետը, ինչպես նաև բազմաթիվ ոստիկաններ: Ոստիկանները հիվանդանոցում գտնվելով պարտավոր էին պաշտպանել վիրավորներին, անգամ եթե վտանգեին սեփական կյանքը:Ոստիկանությունը զենք օգտագործելու կանոններին տիրապետում է: Ոստիկաները քննություն են հանձնում զենքի օգտագործման կանոնների վերաբերյալ, հետևաբար պարտավոր են պաշտպանել քաղաքացու իրավունքները և կյանքը: Այս պարագայում ոստիկանները կարող էին կանխել հանցագործությունը և երկու մարդու վիզը դանակով կտրելու հանգամանքը:»,-Arlur.am-ի հետ զրույցում նշեց Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ):

Գրիշա Սարգսյանի խոսքով` այսօր Հայաստանում ոստիկանները նվաստացած և վախեցած կարգավիճակում են, ինչը իսկապես ցավալի է: «Ամեն մեկը կարող է ծաղրել ու նսեմացնելով հեռախոսով նկարահանել ոստիկանին և դրա համար պաասխանատվության չենթարկվել:Մարդու իրավունքների հիմնարար ազատությունն է կեղծվում ըստ էության: Մարդու իրավունքների հիմնարար ազատության հիմնական ջատագովները Եվրոպական երկրներն են  և ԱՄՆ-ն: Տեսեք, թե Եվրոպայում և ԱՄՆ-ում  ոստիկանությունը ինչպես է վերաբերվում կարգազանց քաղաքացիներին: Ոստիկանության օրինական պահանջը չկատարող հանցագործին տեղում գնդակահարում են, որովհետև ոստիկանի անձը անձեռնամխելի է: Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերածվի կիբեռոստիկանության, որպեսզի կարգ ու կանոն լինի և ոստիկանը չվախենա, որ իրեն քարշ կտան այս կառույցից այն կառույց` ծառայողական քննության համար: Ես հավաստում եմ, որ եթե 90-ականներին ոստիկանությունը այսքան բարոյալքված լիներ, մենք ոչ անկախություն ձեռք կբերեինք, և ոչ էլ բանակ կստեղծեինք: Այդ թվականներին բոլորը զինված էին և երկրում ալան-թալան էր տիրում: Միլիցիայի հատուկ ջոկատները կարողացան ժամանակին կանխել այդ վիճակը, մասնակցել բանակաշինության գործին և սատարել պետականությանը: Մեզ վախկոտ ոստիկանություն պետք չի, քանի որ ուժն է ծնում իրավունք: Հեղափոխությունը ավարտին հասցնելու համար պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն իրավապահ համակարգում»,-նշեց գնդապետ Սարգսյանը:

Գրիշա Սարգսյանը մտահոգ է ստեղծված իրավիճակով և դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի Նիկոլ Փաշինյան, շտապ պետք է բարեփոխել ոստիկանության համակարգը: Պետք է արմատական կադրային փոփոխությունների գնալ: Ուժային կառույցի ղեկավարներ նշանակելիս դուք առաջին անգամ սխալ ընտրություն կատարեցիք և բախվեցիք դավաճանության: Ինչո՞ւ չաստիճանազրկեցիք այդ ուժային կառույցների ղեկավարներին, որոնք պետության և պետականության դեմ քայլեր էին անում: Զգոն եղեք, որ պետականությունը անխախտ ու հզոր լինի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, Գավառ քաղաքում փոխհրաձգություն է տեղի ունեցել մի խումբ գավառցի երիտասարդների եւ նորատուսցիների միջև։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել քննիչ Զորիկ Պարոնիկյանը եւ Նորատուս համայնքի բնակիչ՝ «Նորատուսցի արջ» մականունով երիտասարդը։ Վիրավորում են ստացել ևս 4 քաղաքացի, որոնցից 2-ը տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։ Այս իրադարձություններին հաջորդել է դաժան վենդետա (արյան վրեժ), և դա այն դեպքում, երբ Ոստիկանապետը և բազմաթիվ ոստիկաններ եղել են դեպքի վայրում ։ Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։

Комментариев нет:

Отправить комментарий