четверг, 9 апреля 2020 г.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԵՎ ՉԼՌՈՂ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳՐԻՇԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՆԵՐԿԱՆԵՐԻ ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ԵՎ ՉԼՌՈՂ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբերի 19-ից 24-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացված Միջազգային ոստիկանական ասոցիացիայի համաշխարհային 62-րդ կոնգրեսի նիստերը մի քանի օր ընթանում էին խաղաղ ու սովորական հունով: Բայց համաժողովի երրորդ օրը, երբ ելույթով հանդես էր գալիս Եվրամիության ներկայացուցիչը` դոկտոր-պրոֆեսոր Ատանես Դիմիտրովը,  նիստի խաղաղ ընթացքը  մեկեն փոթորկվեց և դահլիճի մթնոլորտը շիկացավ: Դիմիտրովը խոսում էր հակամարտության գոտիների ու դրանց ուղղակի արդյունք փախստականների հիմնահարցի մասին`  նշելով, որ փախստականները  մի իսկական գլխացավանք են դարձել բազմաթիվ երկրների համար, խաթարում են այդ երկրների խաղաղ անդորրը, և կոչ արեց Միջազգային ոստիկանական ասոցիացիայի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին` տեղերում պայքարել այդ երևույթի դեմ և հնարավորինս կանխել փախստականների հոսքը այլ երկրներ:

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին ամենևին դուր չեկան  արծարծվող նուրբ թեմայի վերաբերյալ
բանախոսի կոպիտ գնահատականներն ու ոչ մարդասիրական և  անիրատեսական մեկնաբանությունները, նրա անտարբեր, ոչ սրտացավ վերաբերմունքն ու հպանցիկ տոնը:

 Նիստը նախագահողից արտահերթ հարցի իրավունք խնդրելով` Գրիշա Սարգսյանը միջազգային հեղինակավոր կոնգրեսի բեմից հարց տալու փոխարեն ծավալուն ելույթ ունեցավ և կոնկրետ փաստերի ճնշման տակ բազմաթիվ մեղադրանքների տարափ տեղաց, ինչից Եվրամիության ներկայացուցիչը անակնկալի եկավ և չկարողացավ հիմնավոր ու ողջամիտ որևէ պատասխան արտաբերել: Իսկ գնդապետ Սարգսյանի խոսքն արդեն քառորդ դար շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հիմնահարցի հանիրավի ձգձգման, Եվրոպական կառույցների կողմից մեր ժողովրդի ցավոտ հարցերի հանդեպ ցուցաբերվող քար անտարբերության, ակնհայտ ադրբեջանամետության, ծախվածության, կոռուպցիայի, կաշառակերության և բազմաթիվ այլ ոչ ողջամիտ ու փուչ քայլերի մասին էր:

- Եվրոպական միջազգային կառույցները` Եվրամիությունը, ՄԱԿ-ը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն և այլն, տարեկան միլիարդավոր դոլարներ են շրջանառում աշխարհում` ժողովրդավարությունը տարածելու, Եվրոպական արժեքները խորացնելու, կոնֆլիկները խաղաղ կարգավորելու, և, մասնավորապես, նաև` փախստականների հիմնահարցը մեղմելու համար,- իր ելույթում նշեց Գրիշա Սարգսյանն ու կրկին դիմեց Եվրամիության ներկայացուցչին.

- Եթե  Դուք նշում եք, որ փախստականների պրոբլեմը աղետալի վիճակում է, ապա ո՞ւր են կորչում այդ միլիարդավոր դոլարները: Եթե Դուք չգիտեք պատասխանը, ապա ես գիտեմ, թե ովքեր են լափել գումարները և այսօր այդ մասին տեղյակ են նաև Եվրոպական մի շարք կառույցների աշխատաոճից հիասթափված շատ շատերը: Այդ միլիարդավոր դոլարները հայտնվել են ադրբեջանական Խավիարի և նավթի տեսքից կուրացածների գրպաններում, և ամենասոսկալին այն է, որ ժողովրդավարության տաճար հանդիսացող ԵԽԽՎ եվրոպացի պատգամավորների մեծ մասն ի զորու է կուրանալ նավթի հոտից և խավիարի համից, դավաճանել սեփական սկզբունքները` ի պաշտպանություն իրենց երբեմնի անփառունակ ղեկավար Պեդրո Ագրամունդի: Բարեբախտաբար, Ագրամունդի և նրա հետ գործարքների մեջ մտած համախոհների հարցը առաջիկայում կքննի Եվրոպական դատարանը և խիստ ու արդարացի վճիռ կկայացնի: Իսկ քանի քանի այդպիսի կոռուպցիոն սկանդալներ մինչ օրս չեն բացահայտվել և խոչընդոտում են Եվրոպական արժեքները բազմաթիվ երկրներում տարածելուն, մասնավորապես, իմ հայրենիքում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը…

Գրիշա Սարգսյանի ելույթը անընդմեջ ուղեկցվում էր բանավեճին հետևող դահլիճի ակնհայտ համակրանքով և բուռն ծափահարություններով:

Եվրամիության ներկայացուցիչը փորձում էր ինչ որ հիմնավորումներ և արդարացումներ բերել, բայց այդպես էլ չկարողացավ որևէ խելամիտ փաստակ առաջադրել, ինչին վերստին բուռն արձագանքեց դահլիճը` հօգուտ Հայաստանը ներկայացնող պատվիրակության ղեկավարի:

Իսկ Եվրամիության ներկայացուցիչ, դոկտոր-պրոֆեսոր Ատանես Դիմիտրովի «զորեղ» հակափաստարկը Գրիշա Սարգսյանի բազմաթիվ հիմնավորումներին և զորեղ ապացույցներին այն էր, որ Եվրամիությունը սեփական զորք չունի,  զինված ուժեր չունի, որպեսզի վերացնի հայ-ադրբեջանական հակամարտությունը… 

Գնդապետ Սարգսյանը, սակայն, մտրակը ցած դնելու մտադրություն չուներ, մանավանդ`  իր ընդդիմախոսի անհիմն մեկնաբանությունից:

- Զինված ուժեր չունեք, բայց քաղաքական կամք հո ունե՞ք, որպեսզի ճանաչեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և մեկընդմիշտ վերջ տրվի հակամարտությանը, ինչպես դա արվեց Կոսովոյի դեպքում, - վճռական տոնով ասաց Գրիշա Սարգսյանը:

- Այդ հարցում թող քաղաքական կամք ցուցաբերեն ձեր հայրենի իշխանությունները, - Սարգսյանին հակադարձեց Եվրամիության ներկայացուցիչը: - Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: Հետևապես, դուք միայն ձեզ մեղադրեք, այլ ոչ թե միջազգային կառույցներին…

Եվրամիության ներկայացուցիչը փորձում էր էլի ինչ որ հիմնավորումներ առաջ քաշել, նոր փաստարկներ բերել, սակայն նրան այլևս չէին լսում և դահլիճի համակրանքը Գրիշա Սարգսյանի կողմ էր...

Կեցցես, հզոր և անվախ հրամանատար Գրիշա Սարգսյան: Դու միջազգային արենայում տարար հերթական հաղթանակը` հօգուտ քո ժողովրդի և թույլ չտվեցիր գլուխ բարձրացնի անարդարությունը, որը քո կողմից արժանացավ բարոյական շառաչուն ապտակի: 
Դու նվաճեցիր դահլիճի համակրանքը: Վկա` չընդհատվող ծափահարությունները...

Комментариев нет:

Отправить комментарий